Ինչո՞ւ եղա թիրախ // Հրանտ Դինք
Կա՛մ վտանգն էր ինձ շատ սիրում, կա՛մ ես՝ վտանգին: Եվ ահա նորից անդունդի ծայրին էի: Դարձյալ հայտնվել են ինձ հետապնդող մարդիկ: Նրանց զգում էի: Ու շատ լավ գիտեի, որ նրանք չեն սահմանափակվում Քերինչսիզի խմբակով, նրանք այդքան էլ տեսանելի, այդքան էլ սովորական մարդիկ չէին:
«Ակօս», 2007թ․ հունվարի 12
Սկսեմ հետևյալ նախաբանով․ ինձ դատապարտել են 6 ամսվա ազատազրկման «թրքությունը վիրավորելու» համար․ հանցանք, որ չեմ գործել: Որպես վերջին հույս, այժմ հայց եմ ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իմ փաստաբանները հայցը կմուտքագրեն մինչև Հունվարի 17-ը և ինձ խնդրեցին, որ պատրաստեմ դեպքերի զարգացման մասին նկարագրություն, որ պետք է կցվի գործին: Ճիշտ համարեցի հայցադիմումի հետ ներկայացվելիք այս նկարագրությունը հանրության հետ կիսել: Այսպես եմ վարվում, քանզի Թուրքիայի հանրության խղճի որոշումն ինձ համար նույնքան կարևոր է, եթե ոչ ավելի, որքան ՄԻԵԴ-ի որոշումը: Թերևս կնախընտրեի այս հոդվածի որոշ տեղեկություններ, ինչպես նաև հոգեվիճակս հայտնի չդարձնել որևէ մեկին՝ բացի ինձնից, եթե ստիպված չլինեի դիմել ՄԻԵԴ: Բայց քանի գործը հասել է այս կետին, ամեն ինչ հրապարակելը, կարծում եմ, լավագույն որոշումն է:
Միայն ես չէ, ոչ էլ միայն հայերը, այլ մի ամբողջ հանրություն է ուզում իմանալ հետևյալ հարցի պատասխանը․ «Թրքությունը վիրավորելու մեղադրանքով քննվող կամ դատական որոշում ստացած գրեթե բոլոր անձանց գործերը արժանացել են ընթացակարգային (տեխնիկական)կամ իրավական այնպիսի լուծումների, որ գործերը կա՛մ փակվել են, կա՛մ առաջին դատական նիստից հետո ավարտվել առանց մեղադրական վճռի: Ինչո՞ւ է այդ դեպքում Հրանտ Դինքի մեղադրանքը հաստատվել, ու նա դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման»:
Հեշտ պրծնելու դեպքեր
Սա ո՛չ սխալ գնահատական է, ո՛չ էլ ավելորդ հարց: Եթե հիշում եք, բավականին ջանք թափվեց, որպեսզի Օրհան Փամուկի գործը փակվի մինչև դատավարության սկսվելը: Անընդհատ օդում էր «Ի՞նչ անել, որ կարճվի գործը» միտքը: Ոմանք ասում էին՝ Արդարադատության նախարարը պետք է դատավարության համար թույլտվություն տար, ուստի պետք էր այդտեղ դիմել: Կարելի է ասել այդպես էլ արվեց: Գնդակը Արդարադատության նախարարի դաշտում էր: Նախարարը, ճնշումների տակ, մի կողմից Օրհան Փամուքի վրա կրակ էր թափում, մյուս կողմից էլ նրան կոչ էր անում ընդունել, թե իբր նման բաներ չէր ասել: Ի վերջո, «Փամուկի գործով» առաջին նիստը կայացավ: Դրա ժամանակ տեղի ունեցած վանդալիզմն այնպես խայտառակեց Թուրքիան ողջ աշխարհի առջև, որ գործը փակվեց մինչև երկրորդ նիստի կայանալը: Հոդված 301-ով Փամուքի շուրջ արկածախնդրությունը հանգուցալուծվեց ընթացակարգային լուծումով: Էլիֆ Շաֆաքի դեպքում ավելի թեթև լուծում գտնվեց․ չնայած նախքան գործի քննությունն արդեն շատ աղմուկ էր բարձրացել, այն նույնպես կարճվեց առաջին դատալսմանը՝ առանց Շաֆաքի դատարան ներկայանալու: Ընթացակարգային լուծումները բոլորին գոհացնում էին: Նույնիսկ վարչապետ Էրդողանը զանգահարեց Շաֆաքին՝ անձամբ հաղորդելու իր բարեմաղթանքները գործի կարճման կապակցությամբ: Նույն կերպ «հեշտ են պրծել» են նաև Հայկական կոնֆերանսից հետո հոդվածներ գրած լրագրողներն ու գիտնականները, որոնց նույնպես ներկայացվել էին «թրքությունը վիրավորելու» մեղադրանքներ:
Անպատասխանելին
Չկարծեք, թե նախանձում եմ, որ այս գործերն այդքան հեշտ լուծումներ են ստացել: Ընդհակառակը, միայն այն փաստը, որ բացվել են հետաքննություններ կամ դատեր, արդեն իսկ մեծ գին է այդ մարդկանց համար: Ես մեկն եմ նրանցից, ով շատ լավ գիտի ու կիսում է այդ դատավարություններով անցած ընկերների հանդեպ անարդարության բեռը: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ինչու Հրանտ Դինքի գործի առթիվ չբարձրացավ նույն մտահոգությունն ու աղմուկը: Մենք տեսանք, որ «հեշտ ստացված» լուծումները կառավարությանը մի տեսակ հնարավորություն տվեցին դրանք Եվրամիության աչքը մտցնել իբրև թուրքական կառավարության բարի վարք, այն դեպքում, երբ ԵՄ-ն պնդում էր, որ 301-րդ հոդվածն ընդհանրապես ուժը կորցնի: Այդուհանդերձ, Հրանտ Դինքի դատավճիռը միակ դեպքն էր, երբ կառավարությունը ոչ մի պատասխան չուներ Եվրամիությանը․ լեզուները պապանձվել էր, երբ հարցը հասել էր սրան: Եվ իսկապես, ինչո՞ւ այդպես ստացվեց, որ «թրքությունը վիրավորելու» հոդվածով հարուցված գրեթե բոլոր գործերի համար գտվել է ընթացակարգային կամ իրավական լուծում, որպեսզի դրանք կարճվեն, իսկ Հրանտ Դինքի դեպքում՝ չի գտնվել: Նա դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման հանցանքի համար, որը չէր էլ գործել:
Հայ լինելուս դերը
Այո՛, բոլորիս է հուզում այս հարցի պատասխանը, հատկապես՝ ինձ: Ի վերջո, ես այս երկրի քաղաքացին եմ ու պնդում եմ, որ բոլորի հետ պետ է հավասար լինեմ: Անշո՛ւշտ, հայ լինելու պատճառով անցյալում շատ եմ ենթարկվել բացասական խտրականության: Օրինակ, երբ զինվորական կարճաժամկետ ծառայության էի (8 ամսով) Դենիզլիի 12-րդ հետևակային գնդում, բոլոր ընկերներիս զինվորական աստիճանները բարձրացրին, իսկ իմը՝ ոչ: Ես արդեն երկու երեխա ունեցող տղամարդ էի, ու պիտի որ ինձ միևնույն լիներ: Ավելին, ինձ համար դա հավելյալ արտոնություններ կապահովեր մյուսների նկատմամբ, քանի որ ինձ չէին նշանակի հերթապահության ու դժվար պարտականությունների: Բայց արի ու ես, որ ես շատ էի ազդվել այս խտրականությունից: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մեկուսացա թիթեղյա տնակի հետևում ու երկու ժամ լացեցի, երբ բոլորն ընտանիքների հետ միասին ուրախ ժամանակ էին անցկացնում: Բայց հիշողությանս մեջ սպիի պես դաջվեց այն պահը, երբ գնդի հրամանատարն ինձ կանչեց իր սենյակ ու փորձեց մխիթարել՝ ասելով․ «Մի՛ անհանգստացիր, եթե խնդիրներ ունենաս, ինձ մոտ արի»: Ակնհայտորեն, 301 հոդվածով մեղադրվելը, արդարացվելը կամ մեղադրանքի հաստատվելը նույնը չեն, ինչ կոչումի բարձրացումը: Հետևաբար, անշուշտ չեմ ասում՝ «եթե նրանց մեղադրանքը չի հաստատվել, ի՛մն էլ պետք է չհաստատվի» կամ ավելին՝ «Եթե ինձ դատեն, նրանց նո՛ւյնպես պետք է դատած լինեին»: Բայց պետք է ընդունեմ, որ իբրև մեկը, ով հասունացել է խտրականության բազմաթիվ դեպքերի փորձառությամբ, իմ միտքը չի դադարում հարցնել․ «Արդյո՞ք այս վերջնարդյունքի համար դեր է խաղացել իմ հայ լինելը»:
Իմացածներս ու նախազգացածներս
Անշուշտ, երբ համադրում եմ իմացածներս ու նախազգացածներս, այս հարցի պատասխանը ստանում եմ: Թույլ տվեք ամփոփել դրանք․ որոշ մարդիկ որոշել ու ասել են․ «Այս Հրանտ Դինք կոչվածը շատ է չափերն անցել: Նրան մի լավ դաս պիտի տանք», ու գործի են անցել: Ընդունում եմ, որ այս պնդումը շատ է շեշտադրում ինձ ու հայի իմ ինքնությունը: Կարող եք ասել՝ չափազանցնում եմ: Ամեն դեպքում, սա՛ է իմ ընկալումը: Իմ ունեցած փաստերն ու կյանքիս փորձառությունն այլ բացատրության տեղ չեն թողնում: Իմ գործն է հիմա ձեզ փոխանցել իմ ապրածն ու զգացածը: Մնացածը դուք կորոշեք:
Ցույց տալ ինձ իմ չափ ու սահմանը
Նախ, թույլ տվեք հստակեցնել, թե ինչ է նշանակում՝ «Հրանտ Դինքը չափն անցնում է» արտահայտությունը: Դինքը ուշադրության կենտրոնում էր արդեն երկար ժամանակ, ու շատ մարդկանց էր անհանգստություն պատճառել: 1996թ․-ից ի վեր, ինչ սկսեց հրատարակել «Ակօս» շաբաթաթերթը, նա սահմանված գիծը պարբերաբար անցել է՝հայ համայնքի խնդիրները բարձրաձայնելով և իրավունքները պահանջելով, արտահայտելով պատմության մասին իր սեփական տեսակետները, որոնք հակասում էին թուրքական պետության պաշտոնական դոկտրինին: Բայց գավաթի վերջին կաթիլը եղավ Սաբիհա Գյոքչենի մասին հոդվածը, որն «Ակօսում» հրապարակվեց 2004թ․ փետրվարին: «Սաբիհա Խաթունի գաղտնիքը» վերնագրով և Դինքի ստորագրությամբ գրված հոդվածում Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի հայաստանաբնակ ազգականները պնդում էին, որ նա հայկական որբանոցից վերցված որբ է եղել: Ողջ Թուրքիան ցնցվեց, երբ ամենամեծ տպաքանակն ունեցող «Հյուրիեթ» թերթն արտատպեց հոդվածը 2004թ․ փետրվարի 21-ի համարում: 15 օր շարունակ բազմաթիվ սյունակագիրներ գրեցին ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական մեկնաբանություններ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան հայտարարություններով: Թերևս, սրանց մեջ ամենակարևոր հայտարարություններից էր բանակի Գլխավոր շտաբինը, որում ի պատասխան հոդվածի հեղինակների՝ մասնավորապես ասված էր․ «Անկախ նպատակից՝ նման խորհրդանիշը բանավեճի առարկա դարձնելը հանցանք է ազգային միասնականության ու հասարակական անդորրի հանդեպ»: Ըստ նրանց, հոդվածի հեղինակները հետապնդում էին չարամիտ նպատակներ: Նրանք փորձում էինթուրք ինքնությունից զրկելով՝ ոչնչացնել մի անձի կերպար, որն արդեն դարձել էր առասպել ու թուրք կանանց խորհրդանիշը: Ովքե՞ր էին այս անտաշ մարդիկ, ո՞վ էր այդ Հրանտ Դինքը: Մեկը պետք է նրան ցույց տա իր չափն ու սահմանը:
Հրավեր պաշտոնական զրույցի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հրապարակվեց փետրվարի 22-ին՝ կիրակի: Այդ երկար-բարակ տեքստը լսեցի տանը, հեռուստացույցով: Անհանգիստ էի: Նախազգում էի, որ հաջորդ օրն անպայման մի բան է լինելու: Փորձառությունս և ներքին ձայնս չխաբեցին: Վաղ առավոտյան հեռախոսազանգ ստացա: Ստամբուլի փոխնահանգապետերից մեկն էր: Կոշտ տոնով ասաց, որ ինձ իր մոտ է սպասում, որ պետք է հետս տանեմ նյութի մասին ձեռքիս տակ եղած բոլոր փաստերը: Երբ հարցրի, թե հրավերի նպատակը որն է, պատասխանեց, որ ուզում է ինձ հետ զրուցել ու տեսնել փաստաթղթերը: Զանգահարեցի փորձառու լրագրող ընկերներիս ու հարցրի, թե որն էր այդ հրավերի նշանակությունը: Ասացին, որ նման զրույցը տարօրինակ է, բայց իրավական գործընթաց էլ չէ, ամեն դեպքում խորհուրդ տվեցին փաստաթղթերով հանդերձ գնալ:
Պետք է ուշադիր լինեի
Ընդունելով ընկերներիս խորհուրդը՝ ձեռքիս տակ եղած փաստաթղթերը վերցրած գնացի փոխնահանգապետի մոտ: Նա ինձ հետ բավականին քաղաքավարի էր: Ներս հրավիրվելուց հետո նկատեցի, որ սենյակում կային ևս երկու հոգի՝ մի տղամարդ ու մի կին: Ասաց, որ նրանք իր մտերիմ ծանոթներն են, հարցրեց՝ կարո՞ղ են հանդիպմանը ներկա գտնվել: Արդեն հասկացել էի, թե որքան փխրուն էր դրությունը, ուստի ասացի, որ առարկություն չունեմ ու նստեցի: Փոխնահանգապետը միանգամից գործին անցավ: «Պարո՛ն Դինք», – ասաց նա, – «դուք մեծ փորձառություն ունեցող լրագրող եք: Լավ չէ՞ր լինի, որ ձեր հոդվածներն ավելի ուշադիր գրեիք: Բացի դրանից, նման լուրեր գրելու օգուտն ի՞նչ է: Տեսեք՝ ինչ իրարանցում է: Մենք գիտենք՝ դուք ով եք, բայց փողոցում սովորական մարդիկ որտեղի՞ց իմանան: Նրանք կարող են կարծել, թե նման լուրեր գրելով այլ մտադրություններ եք հետապնդում: Տեսնո՞ւմ եք այս փաստաթուղթը: Հայոց պատրիարքը դիմում է գրել ինչ-ինչ ինտերնետային կայքերի կապակցությամբ․ ինչ-որ ստոր մարդիկ փորձել են հայ համայնքի որոշ հաստատությունների դեմ այնպիսի արարքներ նախաձեռնել, որոնք կորակվեին իբրև ահաբեկչական գործողություններ: Մենք որոնեցինք այդ մարդկանց, պարզեցինք, որ Բուրսայում են, հանձնեցինք իրավապահ մարմիններին: Բայց ահա տեսեք, թո փողոցներում ինչ տեսակ մարդիկ են լցված: Նման լուրեր գրելիս պետք է ավելի զգույշ լինենք, չէ՞»: Այնուհետև խոսակցությունն ամբողջությամբ իր ձեռքն առավ անծանոթ տղամարդը՝ նույնիսկ ծպտուն հանելու հնարավորությունը չթողնելով մյուսներիս: Նա կրկնեց փոխնահանգապետի ասածները ավելի պարզ լեզվով: Ասաց, որ պետք է ուշադիր լինեմ, խուսափեմ երկիրը, մթնոլորտը լարող որևէ բանից: Անընդհատ կրկնում էր իր զգուշացումը, թե՝ «Չնայած մենք համաձայն չենք ձեր որոշ հոդվածների գրելաոճի հետ, սակայն մեզ համար պարզ է, որ ընդհանուր առմամբ ձեր գրածով վատ նպատակներ չեք հետապնդում: Բայց ամեն ոք այսպես չի հասկանա, և հանրային հակազդեցություն կհրավիրեք ձեր անձի նկատմամբ»: Երբ խոսքն ինձ հասավ, ասացի, թե ինչ նպատակով եմ գրել այդ լուրը․ նախ, լրագրող եմ, և նման պատմությունը կոգեշնչեր ցանկացած լրագրողի: Երկրորդ, ցանկանում էի խոսել Հայկական հարցի մասին վերապրածների միջոցով, այլ ոչ միայն՝ մահացածների: Բայց հասկացա, որ վերապրածների մասին է՛լ ավելի դժվար է խոսել: Երբ արդեն գնալու վրա էի, հիշեցի, որ չհարցրին հետս վերցրած փաստաթղթերի մասին, չցանկացան անգամ վերցնել: Ես հիշեցրի փաստաթղթերի մասին և փոխանցեցի նրանց: Հրավերի նպատակն ինձ պարզ էր, առնվազն պարզ էր նրանց ասածներից․ պետք է չափս իմանայի… պետք է ուշադիր լինեի … թե չէ՝ լավ չէր լինելու:
Այլևս թիրախ էի
Եվ իսկապես, հետոն լավ չեղավ: Ինձ նահանգապետի գրասենյակ կանչելու հաջորդ օրվանից սկսած տարբեր թերթերի սյունակագիրներ համատեքստից հանեցին ու խոշորացույցի տակ առան հայկական ինքնության մասին իմ էսսեների շարքից մի նախադասություն ու սկսեցին եզրակացնել, թե ես հակաթուրքական արշավ եմ վարում: Սևեռվել էին հետևյալ նախադասության վրա․« թուրքից դատարկվող թունավոր արյան փոխարեն լցվելիք մաքուր արյունն առկա է հայի երակում »:
Այս հոդվածներից հետո՝ փետրվարի 26-ին, Լևենթ Թեմիզի գլխավորությամբ ուլտրաազգայնականների մի խումբ հավաքվեց «Ակօսի» խմբագրատան առջև ու սկսեց ինձ անվանարկող, սպառնացող կարգախոսներ հնչեցնել: Ոստիկանությունը նախապես տեղեկացված էր ցույցի մասին: Մեր անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին ինչպես խմբագրատան ներսում, այնպես էլ՝ շենքի մուտքի մոտ: Նախապես տեղեկացված էին նաև բոլոր հեռուստաալիքներն ու լրագրողները․ նրանք նույնպես «Ակօս»-ի առջև էին: Ազգայնականների վանկարկումները հստակ էին․ «Կա՛մ սիրիր, կա՛մ հեռացիր», «Կորչի՛ ԱՍԱԼԱ-ն», «Ցանկացած գիշեր կարող ենք հանկարծակի ձեր դռանը հայտնվել»: Խմբի ղեկավար Լևենթ Թեմիզի ելույթում թիրախը բացահայտ էր․ «Հրանտ Դինքն այսուհետ մեր ողջ զայրույթի ու ատելության թիրախն է, մեր թիրախն է»: Ցույցից հետո խումբը ցրվեց: Սակայն, ինչ-ինչ պատճառով, ոչ մի հեռուստաալիք (բացի «7-րդ ալիքից») և թերթ (բացի ձախական ու քրդամետ՝ «Ազատ օրակարգից» (Özgür Gündem)) չլուսաբանեց տեղի ունեցածը: Պարզ էր, որ ուլտրաազգայնականներին «Ակօս» առաջնորդած ուժերին հաջողվել էր հետ պահել լրատվամիջոցներին, մեկ-երկու բացառությամբ, այդ բացասական պատկերներն ու կարգախոսները լուսաբանելուց:
Վտանգի շեմին
Մի քանի օր անց նմանօրինակ ցույց նորից կազմակերպվեց «Ակօս»-ի առջև՝ այս անգամ մի խումբ մարդկանց կողմից, ովքեր իրենց կոչում էին «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի դաշնակցություն»: Այնուհետև երևան եկավ ևս մի խումբ, որն իրեն կոչում էր «Իրավաբանների մեծ միություն»՝ մինչ այդ որևէ ձևով աչքի չընկած փաստաբան Քեմալ Քերինչսիզի գլխավորությամբ: Քերինչսիզն ու իր ընկերներն իմ դեմ հայց ներկայացրին Շիշլիի դատախազություն: Հայցն արագորեն ընթացք տվեց հայտնի 301-րդ հոդվածով քրեական գործերի շարքին, որոնք շարունակեցին Թուրքիայի հեղինակազրկման գործընթացը: Ինչ վերաբերում է ինձ, դա իմ դեմ սանձազերծվելիք վտանգավոր գործընթացի սկիզբն էր: Թեև ողջ կյանքս վտանգի սայրով եմ քայլել: Կա՛մ վտանգն էր ինձ շատ սիրում, կա՛մ ես՝ վտանգին: Եվ ահա նորից անդունդի ծայրին էի: Դարձյալ հայտնվել են ինձ հետապնդող մարդիկ: Նրանց զգում էի: Ու շատ լավ գիտեի, որ նրանք չեն սահմանափակվում Քերինչսիզի խմբակով, նրանք այդքան էլ տեսանելի, այդքան էլ սովորական մարդիկ չէին:
* Ծնթ․ Նկատի ունի «թուրքի» մասին մտասևեռումից թունավորվող: